Կառավարության նոյեմբերի 11-ին ընդունած որոշման համաձայն՝ երկարաձգվում են կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները մինչև 2022 թվականի հունիսի 20-ը։
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվում է, և շարունակվում է որպես պահանջ մնալ վերջիններիս կողմից միայն Հայաստանի տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելը:
Նախագծով արգելվում է ինչպես քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները, այնպես էլ պաշտպանության նախարարության զորամասերում տեսակցությունները և շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները:
Ներկայում քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունների արգելք, ինչպես նաև պաշտպանության նախարարության զորամասերում տեսակցությունների, շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումների և արձակուրդների արգելք սահմանված չէ, ինչը մեծացնում է վարակի առաջացման և տարածման ռիսկը: Նպատակահարմար է սահմանափակել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունը և դրա այլընտրանքների ողջամիտ հավասարակշռությունն ապահովելու նպատակով պահպանել վերջիններիս տեսազանգի և շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուք ստանալու հնարավորությունը:
Նշենք, որ վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է հիվանդության 24209 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 72%-ով։ Վարակի վերարտադրության ցուցանիշը, որը ցույց է տալիս վարակի տարածման արագությունը, կազմում է Rt=1.2: Նման լարված համաճարակային իրավիճակը պահանջում է չթուլացնել զգոնությունը և շարունակել կանխարգելիչ միջոցառումների իրականացումը վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար։