Ե՛վ Կապանի, և՛ Գորիսի ԲԿ-ները կունենան Շտապօգնության հավելյալ ամենագնաց մեքենաներ։ Այս մասին ԱԺ-ում կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ այդ մեքենաներն արդեն տրամադրվել են, դեռ էլի կտրամադրվեն։ Բացի դրանից՝ Կապանից կտրված համայնքները՝ մասնավորապես Ճակատենը, Շիկահողը, Սրաշենը, Ներքին հանդը, Ծավը, Շիշկերտը կունենան բուժսպասարկման համար անհրաժեշտ բոլոր պարագաները, որպեսզի տեղում հնարավոր լինի կազմակերպել համայնքների բուժօգնությունը։
«Երեկ մեր թիմը եղել է այդ համայնքներում, գնահատվել է մարդկային ներուժն ու տեղում կատարվել են բուժապահովվածության գծագրությունները»,- ասաց նախարարը և հավելեց, որ անանցանելի ճանապարհի խոչընդոտները հաղթահարելու համար աշխատանք է տարվում, որպեսզի տեղում ևս ապահովված լինեն բժշկական ռեսուրսներով։
Քանի՞ զոհ և քանի վիրավոր ունենք նոյեմբերի 16-ի սահմանային միջադեպի հետևանքով, կայցելի՞ արդյոք նախարարը նրանց, կա՞ն արդյոք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողներ․ այս հարցերին նախարարը չպատասխանեց՝ մատնանշելով ՊՆ-ի պաշտոնական աղբյուրները։