Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ՀՀ քաղաքացիների համար կտրամադրվի անվճար։ Այս մասին պատվաստանյութի արտադրությանը նվիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ պետությունը պետական միջոցների հաշվին գնում կիրականացնի և անվճար կտրամադրի քաղաքացիներին այնպես, ինչպես մյուս պատվաստանյութերը։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափը ստանալու համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը։
Նախարարը հստակեցրեց, որ այլ պատվաստանյութերով պատվաստված քաղաքացիները կարող են դիմել և որպես խթանիչ դեղաչափ ստանալ «Սպուտնիկ Լայթ»։
Անդրադառնալով կորոնավիրուսի իրավիճակին, Ավանեսյանն արձանագրեց, որ վարակված և հոսպիտալացման իրենց հերթին սպասող քաղաքացիներ վաղուց արդեն չունենք։
«Այս պահին հետ ենք պրոֆիլավորում մեր հիվանդանոցները մարզերում և Երևանում։ Հիվանդանոցներն անցնում են իրենց ընթացիկ սպասարկման ոլորտներին»,- մանրամասնեց նա։
Նախարարն ասաց, որ հնարավորինս արագ պետք է վերապրոֆիլավորվեն հիվանդանոցները։
Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը հայտարարեցին, որ Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը դրվում է շրջանառության մեջ։