ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նոյեմբերի 2-ին Շտապօգնության ծառայության վարորդների կողմից իրենց աշխատավարձերի հետ կապված դժգոհությանը։
Հարցին, թե որևէ քայլ արվում է խնդիրը լուծելու համար, ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․«Մեր բյուջեի առաջնահերթույթունները բխում են Կառավարության ծրագրից։ Այդ առաջնահերթությունները հստակ ձևով ամրագրված են։ Ընդհանուր առմամբ, բուժաշխատողների վարձատրության հետ կապված բարեփոխումներն այդ առաջնահերթությունների մեջ կարևոր տեղերում են։ Բուժաշխատողների աշխատավարձերը մշտական վերանայման շրջանակներում են։ Դա պետք է դիտարկենք ոչ թե ինչ-որ առանձին դեպքերի մեջ, այլ համակարգային տրամաբանության շրջանակներում։ Չենք կարող հատուկենտ միջոցառումներ ձեռնարկել»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ Կառավարության ծրագրով հաստատվել է, որ բուժաշխատողների աշխատավարձերը համընթաց պետք է բարձրացվեն, ինչը միանշանակ պետք է կապված լինի նրանց որակավորման, մասնագիտական գիտելիքների թարմացման, նրանց կողմից մատուցվող ծառայությունների և բժշկական օգնության որակի բարելավման հետ։
Նա նաև հայտնեց, որ Շտապօգնության ծառայության հետ կապված մշտապես կապի մեջ են Երևանի քաղաքապետարանի հետ։
Ինչ վերաբերում է վերջիններիս դրամանական բավարարմանը, Ավանեսյանը նշեց, որ համավարակի բռնկումից ի վեր Կառավարությունը նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել, դեռ մի բան էլ ավելի։ Նա ընդգծեց, որ կորոնավիրուսով վարակվածների հոսպիտալացումն առանձին ծառայության միջոցով է իրականացվում։