Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյուքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է մասնագետների խորհուրդները, որոնք կօգնեն խուսափել նմանատիպ խնդիրներից։
1․ Տապակած և ճարպոտ կերակրատեսակները փոխարինել եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդով։
2․ Սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածք, կրեմային հրուշակեղեն, կոնֆետ, հյութեր և գազավորված ըմպելիք։
3․ Օգտագործել միրգ և բանջարեղեն չիպսերի, դոնաթսների և նմանատիպ անառողջ սնունդի փոխարեն,
սնվել չափավոր. սնունդը պետք է ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով: Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները:
4․Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը։
5․Պահպանել սննդի ընդունման ռեժիմը` օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ։
6․Նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը: