Չնայած Հայաստանում կորոնավիրուսային համավարակի առումով այս պահին բարենպաստ իրավիճակ է, բայց QR կոդերի կանոնակարգն առաջիկայում դեռ մնալու է ուժի մեջ։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ QR կոդի պահանջը չեղարկվի՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդացության ցածր ցուցանիշը։
«Բայց մենք հասկանում ենք նաև, որ այս բարենպաստային իրավիճակում էլ պետք է օգտագործենք պատվաստումների միջոցով հետագա հիվանդացության կանխարգելման պատուհանը։ QR կոդերի կանոնակարգն առաջիկայում դեռ մնալու է ուժի մեջ։ Ուստի, QR կոդերի պահանջը թե՛ ռեստորաններում, թե՛ ժամանցի վայրերում կպահպանվի»,- հայտարարեց նախարարը։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից ուժի մեջ են մտել մի շարք սահմանափակումներ, ըստ որոնց՝ հանրային սննդի վայրեր, հյուրանոցներ, կինո, թատրոն, գրադարան և այլ մշակութային գործունեություն իրականացնող տարածքներ այցելելիս մուտքը թույլատրվում է միայն կորոնավիրուսի դեմ պատվաստման QR կոդի հավաստման դեպքում։