Զինվորի տունը երեկ մեծ շուքով նշեց Դավիթի հարսանիքը։ Նա ամուսնացավ իր սիրելիի՝ Ռոզայի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նա նաև հարսանքից որոշ դրվագներ է հրապարակել իր էջում՝ հաղորդելով, որ նորապսակների երազանքը ի կատար կածվի, և Զինվորի տունը նրանց կուղարկի Իտալիա՝ մեղրամիսն անցկացնելու։
Դավիթն ու Ռոզան հանդիպել են պատմագիտության ֆակուլտետում, համակուրսեցիներ են եղել, ապա Դավիթը մեկնել է ծառայության, իսկ հետո՝ հայտնվելով Զինվորի տանը՝ փոխել մասնագիտությունը։ Ռոզան սկսել է դասավանդել դպրոցում․․․ սակայն Դավիթը այդպես էլ չի մոռացել ժպտադեմ համակուրսեցուն։ Նրան քնքշորեն անվանում է ոչ թե «իմ երկրորդ կես, այլ, «իմ երկրորդ ես»։ Նա համոզված է, որ Ռոզայի հետ այնքան անկեղծ է, ինչքան ինքն իր հետ, չէ՞ որ ինքն իր հետ էլ անկեղծ է։
Ռոզան ուրախ է, որ ընտանիքը չի խոչընդոտել Դավիթի հետ ամուսնանալուն։ Հուզվում է նրա մասին խոսելիս, կարծում է, որ գտել է իրենից խելացի մեկին ու հպարտ է դրանով։ Առջևում երազանքներ են, որոնք զույգը ցանկանում է իրագործել առանց սայլակի։