Երեկ «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք է հաստատվել Վրաստանում։ Իսկ արդեն ամբողջ աշխարհում արձանագրվել է հիվանդության 1704 դեպք։ Այս մասին Առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
Նրա փոխանցմամբ՝ «Կապիկի ծաղիկ» հիվանդությունը հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում։
Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառմանը՝ առողջապահության նախարարության մասնագետը հայտնեց, որ սահմանի անցման կետերում իրականացվում է հսկողություն։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե Վրաստանում հիվանդութան դեպքերի աճին զուգահեռ հնարավո՞ր է փակվի հայ-վրացական սահմանը, համաճարակաբանն ասաց․ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս պահին ճանապարհորդությունների որևէ սահմանափակում խորհուրդ չի տալիս։ Դեռ վաղ է խոսել, որ հայ-վրացական սահմանը կփակվի։ Անգամ այն երկրներում, որտեղ դեպքերը շատ են, սահմանափակումներ չեն կիրառվում»։
Ինչ վերաբերվում է պատվաստանյութերին՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ բնական ծաղիկ հիվանդության դեմ առկա պատվաստանյութերը նաև կանխարգելում են «Կապիկի ծաղիկը» և 85 տոկոս արդյունավետություն են ապահովում։
Գրիգորյանի փոխանցմամբ՝ ԱՀԿ-ն դեռ առաջարկություն չի ներկայացրել երկրներին բնակչության շրջանում պատվաստումներ իրականացնելու համար։