Վերջին մեկ ամսում կորոնավիրուսային հիվանդացության աճ ունենք, ինչը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսսյանը։
Նրա խոսքով՝ Եվրոպական երկրներում ալիքը բավականին ակտիվ կերպով զարգանում է ու կանխատեսում էին նման իրավիճակ։ Ըստ Ավանեսյանի՝ երկու շաբաթվա ընթացքում կհասկանանք, արդյոք այս ալիքը տարածվելու միտում ունի, թե գնում ենք կայունացման։
Armenia Today-ի դիտարկմանը, թե հնարավոր են սահմանափակումներ, մասնավորապես ճանապարհորդության հետ կապված, նախարարը վստահեցրեց, որ առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման։
«Դեռևս համաճարակային իրավիճակն այնպիսին չէ, որ սահմանափակումների կարիք լինի, բայց անպայման կդիմեն այդ քայլին հարկ եղած դեպքում։ Մենք պետք է զգոն լինենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում կրկին ավելանում են քովիդի դեպքերը, բայց մահեր վերջին շրջանում չեն գրանցվել։ Մասնագետները չեն բացառում համավարակի նոր ալիքի հավանականությունը։
Առողջապահության նախարարության հրապարակած շաբաթվա սկզբի տվյալներով՝ մեկ շաբաթում կորոնավիրուսի 629 նոր դեպք է գրանցվել։ 7 օրվա ընթացքում այս թիվը կրկնապատվել է (354), իսկ 14 օրվա համեմատ՝ եռապատկվել (174):
Մանրամասները՝ տեսանյութում։