Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ) և ներկա գտնվել նոր՝ Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, Աժ պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Նարեկ Զեյնալյանը, ՀՀ բժշկական կենտրոնների տնօրեններ, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Վրաստանից ժամանած գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք։
Վարչապետը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կլինիկայում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին։ Պատասխանատուները Կառավարության ղեկավարին ներկայացրել են կլինիկայի գործունեության ուղղություններն ու ծրագրերը. զեկուցվել է, որ ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած Պալիատիվ ծառայության կլինիկան համապատասխանում է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին և պատրաստ է մատուցել որակյալ ու հասանելի բժշկական ծառայություններ:
Նշվել է, որ հիմնական մասնաշենքի արդիականացման նպատակով իրականացվել են մեծածավալ շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքներ, մատուցվելու են նոր ծառայություններ, որոնց մի մասը բացառիկ է Հայաստանի համար: Պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ, աշխատակազմը ներառում է 45 հաստիք: Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմում է 306 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի խնայողությունների հաշվին:
Վարչապետը նաև այցելել է ՈւԱԿ-ի նոր տեխնոլոգիական մասնաշենքի շինհրապարակ, ծանոթացել կառուցապատման ընթացքին։ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Կառավարության ղեկավարի ներկայությամբ հանդիսավորությամբ բացվել է նաև ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճը։
Իր խոսքում Փաշինյանը նշել է, որ ժամանակն է, որ առողջապահության հասանելիության նոր մակարդակ ունենանք ամբողջ հանրապետության ծածկույթով, և ինչպես այսօր քաղաքական կարևոր խնդիր ենք համարում կրթության հասանելիությունը, նույնպիսի կարևոր քաղաքական խնդիր է առողջապահության հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր գյուղերում։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ ՈւԱԿ-ի մի խումբ վաստակաշատ բժիշկներ ՀՀ վարչապետի կողմից արժանացել են պետական պարգևների։