Երևանում նոյեմբերի 17-ին աշխատանքն է սկսել համաշխարհային մակարդակի Genotek ռուսական գենետիկական լաբորատորիան, որը կզբաղվի տարածաշրջանի բնակչությանը մատչելի և ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներով ապահովելու և գյուղատնտեսական բույսերի ու կենդանիների նոր սորտերի ստեղծման հարցերով: Այս մասին հայտնում է Cision-ը՝ վկայակոչելով Genotek ընկերությանը:
Բացի ժառանգական հիվանդությունների ախտորոշումից, Genotek լաբորատորիան կենտրոնանալու է բույսերի և կենդանիների գենոմային բուծման վրա:
Ընկերության տնօրեն Վալերի Իլյինսկին համալիրի բացմանը հայտարարել է, որ լաբորատորիան կհամագործակցի պրոֆեսոր և Հայաստանի գլխավոր գենետիկ Թամարա Սարգսյանի հետ:
«Թամարա Սարգսյանն ավելի քան 20 տարի զբաղվում է Գենետիկայի զարգացմամբ, ուստի մեզ համար մեծ պատիվ է նման գործընկեր ունենալ մեր լաբորատորիայում։ Թամարա Ֆադեևնայի և նրա գործընկերների փորձի շնորհիվ մենք կկարողանանք Հայաստանի քաղաքացիներին և ընկերություններին ժամանակակից գենետիկական նվաճումների հասանելիություն տրամադրել»,-նշել է Իլյինսկին։
Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա է եղել նաև էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: Նա իր խոսքում նշել է, որ շահագրգռված են այնպիսի լուրջ ընկերության մուտքով, ինչպիսին Genotek-ն է: