Տեղում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա։ Այս մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ դրական տեղաշարժ կա նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ։ Նա տեղեկացրեց, որ այցելել է զինվորների ու ապաքինում մաղթել։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է որակել։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է ապրիլի 11-ի փոխհրաձգության հետևանքով դիրքային կորուստներ չունենալու մասին։