Հուլիսի 22-ին Սևանում 3-րդ հարկի պատուհանից 4 տարեկան տղա երեխա է ընկել, նրան փրկելու համար մայրը ցատկել է պատուհանից, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
«Հուլիսի 22-ին՝ ժամը 19։57-ին, Սևանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Շինարարների փողոցի 1-ին շենքի 3-րդ հարկի պատուհանից ընկնելու հետևանքով վնասնվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2020 թվականին ծնված տղա երեխա։ 21։13-ին նույն ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի 3-րդ հարկից ցատկելու հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է դիմել 1993 թվականի ծնված մի կին»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
Սևանի ԲԿ-ից Armenia Today-ին հայտնեցին, որ երեխան տեղափոխվել է Երևան՝ «Ուիգմոր» ԲԿ, իսկ մայրն այլ հիվանդանոց չի տեղափոխվել։
«Մայրը մեզ մոտ է սպասարկվել, իսկ հետո տուն է գնացել»,- հավելեցին Սևանի ԲԿ-ից։
Երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար «Ուիգմոր» ԲԿ-ի հետ կապ հաստատել չհաջողվեց։