Կոսմետոլոգ, մաշկաբան Էլլի Ռաշիդը պատմել է, թե ինչը կարող է վնասել մաշկն ամանորյա տոների ընթացքում և ինչպես կարող ենք պաշտպանել այն, գրում է Doctor Piter-ը։
«Մեզանից շատերն այնքան ջանք են ծախսում Ամանորին լավ տեսք ունենալու համար։ Բայց, չգիտես ինչու, տոներից հետո թվում է, որ այդ ջանքերը չկային և, կարծես, մենք ոչ թե 10 օր հանգստացել, այլ աշխատել ենք»,- նկատել է բժիշկը։
Նրա խոսքով՝ մաշկի խնդիրների առաջացման պատճառներից մեկը կարող է լինել վատ քունը։ Նա ընդգծել է, որ վատ քնի ընդամենը մեկ գիշերը կարող է ազդել մաշկի վրա։
«Գիշերային քնի խանգարումը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը՝ ուժեղացնելով բորբոքումները և ոչնչացնելով մաշկի կոլագենը և հիալուրոնաթթուն: Սա հանգեցնում է մուգ, այտուցված աչքերի և մաշկի գունատության։ Չինացի գիտնականների հետազոտության համաձայն՝ կանոնավոր ուշ քնելը (երեկոյան 11-ից հետո) զգալիորեն նվազեցնում է մաշկի խոնավությունը, առաձգականությունն ու ամրությունը: Դրա հետ մեկտեղ նկատելիորեն մեծանում է կնճիռների քանակը»,- ասել է Ռաշիդը:
Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ քնի պակասը կարող է լինել բշտերի պատճառներից մեկը:
«Հետևաբար, որակյալ քունը առողջ և գեղեցիկ մաշկի պայմաններից մեկն է»,- ասված է հրապարակման մեջ։
Ռաշիդը զգուշացրել է, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում խմեք ավելի քան 14 բաժակ գինի, դա կարող է ազդել մաշկի վիճակի վրա:
«Ալկոհոլի չափազանց մեծ օգտագործումը հանգեցնում է ջրազրկման և թուլության։ Բացի այդ, օրգանիզմում ալկոհոլը բաժանվում է թունավոր մետաբոլիտների, որոնք արագացնում են մաշկի ծերացումը»,- հավելել է մաշկաբանը։
Ալկոհոլի վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել և ավելի շատ ուտել: