Օգոստոսի 8-ին, ժամը 06:23-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, մեկ տուժած ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ: Փրկարարները ավտոմեքենայի տակից դուրս են բերել մեկ քաղաքացու դի և մոտեցրել շտապօգնության ավտմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել ավտոմեքենան։
«Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ստացած վնասվածքներից տեղում մահացածը պայմանագրային զինծառայող է: Վթարի ժամանակ ավտոմեքենայում գտնվող պայմանագրային զինծառայողներից 4-ին միջին ծանրության վնասվածքներով օպերատիվ կերպով տեղափոխել են բժշկական հաստատություն, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ ամբողջ բուժօգնությունը: Դեպքի առթիվ զորամասի հրամանատարությունն իրավապահ մարմինների հետ համատեղ կատարում է քննություն: