Այսօր, օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Սարալանջ ավտոճանապարհի բաժանարար գոտու հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, CPS բենզալցակայանի դիմաց պայթյունի ձայն է լսվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նիկոյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Աբդիշոևի գլխավորությամբ։ Դ
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Վահագն Զարգարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն ժամին տեղի է ունեցել անհայտ առարկայով պայթյուն, որի հետևանքով վնասվել է այդ պահին նշված ճանապարհով երթևեկեող Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ 25-ամյա Վերան Չիլինգարյանին պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ձախ թափարգելը, ձախ դուռը, ձախ լուսարձակը և ջրահովացման (ռադիատոր) համակարգը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սևակ Առաքելյանն ու Գևորգ Մարդոյանը։
Տեղում աշխատել է նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիչի դետալ և մետաղական բեկորներ։ Փաստի առթիվ ավագ քննիչ Վ․ Զարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։