Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Բաթումում բնակելի շենքի փլուզման հետաքննության շրջանակներում երեք անձի՝ բնակարանի սեփականատիրոջն ու երկու աշխատողներին ձերբակալելու մասին:
Ուրբաթ օրը Բաթումի կենտրոնում փլուզվել է յոթ հարկանի բնակելի շենքի մի մասը: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր չորս մարդու մահվան մասին: Ինչպես հաղորդել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, փրկարարները շաբաթ օրը փլատակներից հանել են անչափահասի դի, շենքի մի մասի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի:
«Հետաքննությունը պարզել է, որ Բաթումի Մայիսի 26 փողոցում գտնվող բնակելի շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատեր Զ.Բ.-ն աշխատանքի վերցրել է Խ.Ս.-ին` բնակարանը վերանորոգելու համար։ Տանտիրոջ ղեկավարությամբ և անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ բնակարանում իրականացվել են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով այս տարվա հոկտեմբերի 8-ին փլուզվել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածներին սպառնում է երկուսից տասը տարվա ազատազրկում: