Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Պարզվել է նաև, որ նշված վայրից ևս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկութունների՝ նրանք ճանապարհին մահացել են: Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:
Աղբյուրի տեղեկություններով՝ տանը, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:
Փաստի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության վարչությունում։