Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։
«Այդ օրը՝ ժամը 21:55-ի սահմաններում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը «ձախ նստատեղի ծակած-կտրած» վերքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 21-ամյա Արման Մ.-ն է: Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել Արման Մ.-ի և Երևանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Գ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Արման Մ.-ին:
Շենգավիթի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գրիգոր Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կայքի տեղեկություններով՝ որոնվողը վիրավորի նախկին կնոջ եղբայրն է: