Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 03։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում տեղադրված վերամբարձ կռունկի վրա մի աղջիկ է բարձրացել և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողները փորձել են աղջկան համոզել, որպեսզի նա իջնի։ Սակայն նա չի պատասխանել պարեկների հարցերին։
Պարեկները, բարձրանալով վերամբարձ կռունկի վրա, մեծ դժվարությամբ կարողացել են կռունկի վրայից այդ աղջկան իջեցնել և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։ Շտապօգնության թիվ 12 բրիգադի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա նրան տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է վերամբարձ կռունկից իջեցված քաղաքացու ինքնությունը։