Երևանում մահացած են գտել ռուս փաստաբան Վիկտորիա Պոպովային, հաղորդում է` Комсомольская правда-ն՝ հղում անելով ռուս կնոջ ծանոթին։
Նշվում է, որ իրավաբանը Հայաստան է տեղափոխվել անցյալ տարի, որպեսզի մարզական հրահանգչի կարիերա սկսի: Ապրիլի 7-ին Վիկտորիային հայտնաբերել են իր վարձակալած բնակարանում՝ առանց կյանքի նշանների, դիակը հայտնաբերվել է պահարանում։ Վարկածներից մեկի համաձայն՝ Վիկտորիան կարող էր ինքնասպան լինել։
Պարբերականը գրում է, որ անցած հինգշաբթի ռուս կնոջ ծանոթ Եվա Խաչատուրյանը անհանգստացել է, որ Վիկտորիան դադարել է կապի դուրս գալ։
«Նա եկել է բնակարան, սկսել է զանգահարել բջջայինին. հասկացել է, որ զանգը հնչում է ինչ-որ դռան հետևից։ Կանչել է փրկարարներին և ոստիկանությանը։ Դուռը բացել են և հայտնաբերել մարմինը», – պատմել է մահացածի ծանոթներից Անաստասիա Կոկուրինան։
Նշվում է, որ այժմ Վիկտորիայի ընտանիքը որոշում է մարմինը հայրենիք տեղափոխելու հարցը: