Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը գրում է, որ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել։
Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար։
Նշենք, որ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 14 կմ արևելք, տեղական ժամանակով ժամը 07:36-ին օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Երկրորդ երկրաշարժը գրացվել էր ժամը 09:10-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։