Մահացել է կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Լուրն Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Շտապ բուժօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Նրա ինքնազգացողությունն անսպասելի վատացել էր այսօրվա դատական նիստին, նա աթոռից վայր էր ընկել։ Նրան օգնել չի հաջողվել։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի հայտարարության՝ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր Արմեն Գրիգորյանի ձերբակալության մասին։ Նրան կալանավորել են ազգային, ռասայական կամ կրոնական ատելություն սերմանելու կասկածանքով։ Ձերբակալման պատճառը Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութն էր։ Ըստ ԱԱԾ-ի՝ Գրիգորյանը հրապարակավ նսեմացրել է Շիրակի և Արարատի մարզերի բնակիչների ազգային արժանապատվությունը։ Գրիգորյանի նկատմամբ կիրառվել էր 2-ամսյա կալանքը։