Երեկ՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա 2 հասցեում՝ Հաղթանակ զբոսայգու տարածքում դեռ սովետական տարիներին գործող, այժմ չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրի ներսում դի կա։
Պարեկները սահմանազատել են տարածքը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վազգեն Մամիկոնյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են ամբողջովին քայքայված տղամարդու դի։ Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, Քանաքեռ-Զեյթունի ոսստիկանները պարզել են մահացածի ինքնությունը, նա այս տարվա մայիսի 18-ից որպես անհետ կորած որոնվող 29-ամյա Է. Շ-ն էր։
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, իսկ նրա անհետ կորելու փաստով հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։