Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, բացառապես կենտրոնացած ենք որոնողափրկարարական աշխատանքների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ փոխնարար Արտուշ Գաբրիլեյանը։
Նա հայտնեց, որ այս պահին պարզված չէ 7-րդ զոհի ինքնությունը։
«Առաջիկա մեկ ժամվա ընթացքում մենք որոշում կընդունենք, թե ինչպես ենք վարվելու դեռևս կանգուն շինության հետ»,-հայտնեց նա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Այս պահի դրությամբ 7 զոհերի մասին է հայտնի։