Օգոստոսի 20-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 3 տրակտոր, 2 ինքնաթափ, 1 ավտոկռունկ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։
Պայթյունից հետո անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել։ Նրանցից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը, երկրորդին փրկարարները դեռ փնտրում են։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։