2022 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վանթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել մի խումբ այլ անձանց ուղղությամբ, որի ընթացքում նրանցից մեկը սպանվել է, իսկ մեկ այլ տղամարդ հրազենային վիրավորումներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի՝ 1995 թվականին ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
2022 թվականի սեպտեմբերի 25-ին` ժամը 04։00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ տեղափոխված տղամարդը մահացել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Երևանում կրակոցներ էին հնչել։ Հայտնաբերվել էր տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։