Երևանի Լունապարկում ատրակցիոնի տեխնիկական անսարքության հետևանքով տուժած Մոլդովայի 28-ամյա քաղաքացու վիճակը կայուն է։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Նշվում է, որ դեռևս չպարզված հանգամանքներում կարուսելի նստարանը պոկվել է և 6 մետր բարձրությունից ընկել Մոլդովայի քաղաքացու գլխին։
Լունապարկի աշխատակիցները հայտնել են, որ դեպքի ժամանակ տուժածը կարուսելի վրա է եղել։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 24-ին գանգուղեղային վնասվածքով հոսպիտալացված Մոլդովայի քաղաքացուն վիրահատել են։ Ըստ բժիշկների՝ նրա վիճակը ծանր է, ներկայումս միացված է արհեստական շնչառության ապարատին։
Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագիտական լաբորատորիայի ղեկավար Մարտին Ասլանյանն ասաց, որ, ըստ նախնական վարկածի, ատրակցիոնի որոշ հատված կոտրվել է։ Դեպքի մանրամասները հայտնի կդառնան 4-օրյա հետազոտություններից ու ստուգումից հետո, հավելել է նա։
Ասլանյանը հայտնեց նաև, որ այս ատրակցիոնն անվտանգության ստուգում է անցել հունիսին։ Մասնավոր ընկերության կողմից իրականացված ստուգումը դրական եզրակացություն է ստացել։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք մասնավոր ընկերության ստուգումներն արժանի են լիակատար վստահության, նա պատասխանեց, որ ԱԻՆ-ը իրավասու չէ վերահսկել մասնավոր ընկերությունների փորձաքննությունները։ Մասնավոր ընկերությունները հավատարմագրվում են Էկոնոմիկայի նախարարության հավատարմագրման ազգային մարմնի կողմից, վտանգավոր արտադրական օբյեկտի շահագործողն ինքն է որոշում, թե ով է անցկացնելու փորձաքննությունը։
Ինչ վերաբերում է տարեկան տեխնիկական անվտանգության ստուգում չանցած ատրակցիոններին, Ասլանյանի խոսքով, դրանք կարող են ստուգվել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից։