Երանոսում օգոստոսի 12-ի երկրաշարժից 82 շինություն է վնասվել, լրագրողներին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Երկրաշարժից հետո ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնն ստացել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, ինչպես նաև վնասների հետ։ Այս պահի դրությամբ 82 շենք-շինության վնասվելու վերաբերյալ արձանագրություն ենք կազմել, որոնց թվում բնակելի տներ և կից շինություններ են»,- նշել է խոսնակը։
Նա հավելել է, որ երկրաշարժից հետո Երանոս բնակավայրում 56 տների պատերին տարբեր չափերի ճաքեր են առաջացել։
«4 անասնագոմի հողաշեն պատերից քարեր են ընկել։ 22 շենք-շինություններում, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, բնակավայրի մանկապարտեզի պատերին, առկա են ճաքեր։ Ծակքար բնակավայրում վնասվել են դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու և մշակույթի տան պատերը, առկա են ճաքեր»,- հավելել է խոսնակը։
Սարգսյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ ուսումնասիրությունները շարունակվում են։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր Facebook-յան էջում գրել է, որ աղետի պատճառած վնասների չափերը հստակեցնելու նպատակով այցելել է Երանոս։ Մարզպետի խոսքով՝ բացի Երանոսից և Ծակքարից, վնասներ է կրել մարզի 6 բնակավայր։
«Վնասներ են կրել նաև Վարդաձոր, Ձորագյուղ, Վերին Գետաշեն, Ծովասար, Զոլաքար, Լիճք բնակավայրերի որոշ տնտեսություններ։ Փլուզումները, հիմնականում, տեղի են ունեցել հողաշեն կառույցներում, իսկ ժամանակակից շինությունների ներսի կամ դրսի պատերին նկատվել են ճաքեր, ծեփաթափումներ»,- նշել է մարզպետը։
Նա տեղեկացրել է, որ վնասների չափերը հասկանալու համար ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից ստեղծված հանձնաժողովների անդամներին հանձնարարականներ է տվել։
Օգոստոսի 12-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում ժամը 02:02-ին 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Ըստ գերատեսչության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 5-6 բալ: Գեղարքունիքի մարզում երկրաշարժն զգացվել էր 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ, իսկ Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանում ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում։
Մանրամասները՝ տեսանյութում։