Հոկտեմբերի 3-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում, վիրավորվել է մեկ մարդ, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
ՀՀ ՆԳՆ ահազանգն ստացվել է ժամը 19:50-ի սահմաններում։ Տեղեկություններ են ստացվել, որ Սուրենավանում կրակոցներ են հնչել և կա վիրավոր: Նույն օրը՝ ժամը 20։00-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Զ.-ն է: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորի վիճակը միջին ծանրության է և նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
«Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սուրենավան գյուղի Երևանյան խճուղի 14 հասցեում գտնվող, հասարակական վայր հանդիսացող գազալցակայանում Արտակ Զ.-ն և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արման Պ.-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, վիճել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Արթուր Զ.-ի հետ՝ միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ»,- գրում է կայքը։
Ըստ աղբյուրի՝ Արթուր Զ.-ն իր մոտ պահվող ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արտակ Զ.-ն ստացել է հրազենային վնասվածք: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են կռվի մասնակիցներից Արման Պ.-ին, ով ձերբակալվել է:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ Արթուր Զ.-ն Սուրենավանի նախկին գյուղապետ Կարո Կարապետյանի (Դուշման Կարո) ապօրինի որդին է, գրում է կայքը։
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ․ ՆԳՆ
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Գերատեսչությունն ահազանգ է ստացել, որ ժամը...