Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ նոյեմբերի 14-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել։ Ու թեև նույն օրը ՀՀ ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական զորքի առաջխաղացման մասին տեղեկությունը, սակայն այսօր ԱԽ հայտարարությամբ հաստատվեց, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, իսկ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ։
Զուգահեռաբար պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվեց Արշակ Կարապետյանը, իսկ նրա փոխարեն նշանակվեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Թեմայի մասին Armenia Today-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ։
Վերջինիս խոսքով՝ տեղեկատվական անհամապատասխանության այս թնջուկը կարող է պայմանավորված լինել լուրը հանրությանը փոխանցելու եղանակով։ Ըստ նրա՝ չի բացառվում, որ ՊՆ-ի երեկվա հերքող հայտարարությունը հանրությանը հանգստացնելու նպատակ ուներ, իսկ այսօրվա ԱԽ հայտարարությունը՝ պարզաբանում տալ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել նախօրեին։
Հարությունովի խոսքով՝ անսպասելի էր ՊՆ նախկին նախարարին ազատելու և նոր նախարար նշանակելու լուրը։
«Արդեն հաստատվել է, որ Արշակ Կարապետյանի ազատումը կապված է նախօրեի սահմանային միջադեպի հետ, հետևաբար սպասելի չէր կարող լինել։ Ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանի նշանակմանը, ապա դրանով իշխանությունն ուզում է իր ունեցած կադրային ռեսուրսն առավելագույնս կիրառել, չէ՞ որ Պապիկյանը միշտ էլ բարձր դիրք է ունեցել իշխանության շրջանում։ Փաստացի, երկրի երկրորդ դեմքի՝ փոխվաչապետի պաշտոնից նա գալիս է նախարարի պաշտոնի։ Դա ինչ-որ տեղ նաև ցույց է տալիս, որ իշխանությունը կարևորում է Պաշտպանության նախարարության դերը»,- ասաց Հարությունովը և հավելեց, թե կա սխալ կարծիք, որ նախարարության խնդրները կարող են լուծվել նախարարին փոխելով։
«Խնդիրներն իրականում շատ ավելի շատ են։ Դրանք քիչ չեն նաև քաղաքական ղեկավարության շրջանում, մանավանդ, որ ՊՆ-ն ոչինչ չի կարող անել առանց իր ղեկավարության «կանաչ լույսի»։ Իսկ նախարարին փոխելով հարցերը չեն լուծվի՝ անկախ նրանից, թե ով է դառնում նախարար։ Խնդիրները պահանջում են համակարգային լուծումներ»,- ասաց Հարությունովը։
Նա նշեց, որ ցանկալի կլիներ, որ նոր նախարարը լիներ պատրաստված մարդ, սակայն Պապիկյանն անհրաժեշտ տեղեկատվություն ու համապատասխան գիտելիքներ չունի։ Փորձագետի խոսքով՝ Պապիկյանը պետք է համապատասխան մասնագետների օգնությամբ ու խորհրդատվությամբ կոմպենսացնի գիտելիքների բացը:
Ինչ վերաբերում է սահմանին աճող լարվածության և հնարավոր էսկալացիայի մասին տարատեսակ կանխատեսումներին, Հարությունովն ասաց, որ ամենայն հավանականությամբ, այս միջադեպին Հայաստանը կարձագանքի մոտավորապես այնպես, ինչպես արձագանքեց մայիսին տեղի ունեցող իրադարձություններին՝ Սև լճի տարածքում։
«Եթե Հայաստանն էլի սահմանափակվի տեղեկատվական ու դիվանագիտական արձագանքով, ապա էսկալացիան քիչ հավանական է։ Քանի որ դրա համար դիմադրությունը պետք է երկկողմանի լինի։ Լուրջ էսկալացիան քիչ հավանական է նաև երրորդ կողմի՝ Ռուսաստանի ներգրավվածության շնորհիվ։ Չմոռանանք, որ համակարգը երկկողմանի չէ, ու բոլորն են հասկանում, որ ռուսական գործոնը կբերի խոշոր կոնֆլիկտի»,- ընդգծեց Հարությունովը։
Մեր հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ սա դեմարկացիայի սկիզբն է կամ հենց դեմարկացիան, մասնագետն ասաց, որ սահմանազատումը որոշակի դիվանագիտական գործառույթներ է ենթադրում, որոնք այս պահին փաստացի չկան։
«Որոշակի պայմանավորվածություններ հակառակորդի հետ, իհարկե, կան, իշխանությունը դրանք չի էլ հերքում։ Օրինակ՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Ադրբեջանը ժամանակ է տվել մինչև Տաթև-Աղվանի ճանապարհի նորոգումը, ապա տեղեկացրել է սահմանային հենակետի տեղադրման մասին․․․ Սակայն այժմ մենք գործ ունենք պատերազմին հաջորդող գործընթացի շարունակության հետ, որը սահմանի ճշգրտումն է»,- ասաց Հարությունովը։