ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով ընդդիմության նախագիծը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անպատեհ է համարում։
Armenia Today-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմությունն անլուրջ է, և երկրի առաջ ծառացած անվտանգային խնդիրների ֆոնին տևական ժամանակ է՝ զբաղված է շոուներ բեմադրելով։
«Ընտրություններից հետո խորհրդարանական ընդդիմությունն անհիմն և ոչ փաստարկված դիմումով դիմեց ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Այնտեղ մեկ շաբաթ շարունակ անհասկանալի զրույցներ էին վարում, իբրև, իշխանությունն ընտրողների վրա հոգեբանական ազդեցություն է գործել։ Նրանց բեմադրած պերֆորմանսների հետևանքով մենք մեկուկես ամիս անց չունեինք ձևավորված ԱԺ և կառավարություն, այն դեպքում, երբ մեզ օր առաջ էր այն պետք»,- նկատեց իշխանության ներկայացուցիչը։
Նրա դիտարկմամբ՝ նման նախագիծ օրակարգ բերելով՝ «Հայաստան» խմբակցությունը բուռն գործունեության իմիտացիա է ստեղծում՝ փորձելով դիվիդենտներ շահել։
«Ռուսերենում այսպիսի արտահայտություն կա․ «имитация бурной деятельности», մեր ընդդիմադիր գործընկերների մոտ հենց այս ախտանիշն է։ Նրանք ժամանակին իշխանության հրաժարականի պահանջ էին ներկայացրել, մենք հրաժարական ենք տվել, ընտրություններ են եղել, իսկ ժողովուրդն իր վստահության քվեն մեր քաղաքական ուժին է տվել։ Հայ ժողովուրդն արդեն զզվել է ոչինչ չասող տեսարաններից»,- նշեց մեր զրուցակիցը։
Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով՝ գերիների թեման «Հայաստան» դաշինքը բացառապես ներքաղաքական շահարկումների հարց է դարձրել։
«Գերիների հարցը շահարկելով ՝ փորձում են միայն երկրի ներսում հույզեր առաջացնել։ Դա է ապացուցում և այն, որ մեր ընդդիմդագիր գործընկերները հրաժարվել են միջազգային պատվիրակություններում իրենց մասնակցությունից և միջազգային տարբեր երկրներում Հայաստանի տարբեր խնդիրների մասին տեղեկացնելուց, այդ թվում նաև իրենց համար, իբր, հրատապ գերիների հարցը միջազգային հարթակներում բարձրացնելուց՝ ադրբեջանցիների աչքերին ուղիղ նայելով: Այստեղ հարց է առաջանում, թե նրանք ում շահն են պաշտպանում։ Նրանք գերադասում են իրենց քաղաքական ուժի շահը»,- մատնանշեց իշխանական պատգամավորը։
Նա ընդգծեց, որ գերիներին ո՛չ պետք է հերոսացնել, ո՛չ էլ պետք է նսեմացնել, բայց նաև կարևորեց, որ հատկապես վերջին գերեվարման դեպքերը պետք է բացահայտել։
Մինչ խորհրդարանական ընդդիմությունն Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջի նախագիծն էլ օրակարգ բերում, «Ազատագրական շարժումն» էլ իշխանությունների հրաժարական է պահանջում։
Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով «Ազատագրական շարժման» ակցիաներին, նկատեց․
«Քանի որ քոչարյանամերձ շրջանակները բավականին պախարակված են և չեն կարողանում իրենց շուրջ համախմբել հասարակությանը, փորձ են անում ծպտյալների միջոցով համախմբում ձևավորել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի՝ գերիների թեմայով սկանդալային տեսանյութի տարածումից հետո «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջող որոշման նախագիծ։
Տարածված տեսանյութում Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում իր համար հայ գերի չկա, նրանք դասալիքներ են։ ԱԺ-ում լրագրողերի հետ ճեպազրույցում Սիմոնյանը վստայեցրել էր, որ համացանցում շրջանառվող տեսանյութը մոնտաժված է եղել։