Հայ բնակչության շրջանում բազմապատկվել է նևրոզ, տագնապային խանգարումներ ունեցող մարկանց թիվը, ինչը հետևանք է արհավիրքների, առաջին հերթին՝ պատերազմների, որոնց միջով անցել է հայ ժողովուրդը, Armenia Today-ին հայտնել է կլինիկական հոգեբան Եվա Օհանյանը։
Մասնագետի խոսքով՝ կուտակված բացասական էներգիան տարատեսակ դրսևորումներ ունի, իսկ որոշ պարագաներում՝ արտահայտվում է ագրեսիվ վարքագծով:
Նա նշել է, որ մարդկանց մոտ ավելացել են նաև ներկայի և ապագայի վերաբերյալ վախերը:
Փորձագետը կարծում է, որ առանց հույզերի վրա պատշաճ աշխատանքի կամ մասնագետի հետ աշխատելու՝ վտանգ կա, որ մարդկանց այդ բոլոր խնդիրները կարող են քրոնիկական բնույթ ստանալ, եթե տրվեն ոչ ճշգրիտ լուծումներ:
Օհանյանն անդրադարձել է նաև մեկ տարի առաջ Արցախից բռնի տեղահանված մարդկանց ծանր հոգեվիճակին։ Նա ընդգծել է, որ չնայած անորոշության զգացմանը և ամենօրյա չլուծված խնդիրներին, որոնք ծանրանում են նրանց վրա, Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներից շատերը բավականին ամուր են, պայքարում են իրենց պատուհասած արհավիրքի հոգեբանական հետևանքի դեմ։