ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 17568 արձանագրություն, իսկ մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ՝ բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։
Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Այսօր, վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում, նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։