Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակված տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
«Մենք դիմել ենք ՀՔԾ, որ ստանանք գործի նյութերը, մեզ պատասխան է եկել, որ քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, նյութեր չեն տրամադրելու, սակայն քրեական գործը կարճված է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Եթե մասնակիցների ցանկը նկատի ունենանք, հայտարարության բնույթից ելնելով, շատ հետաքրքրական է, թե ով է եղել այն անձը, որը պետք է հնարավոր մեղադրյալ լիներ, որովհետև պարոն Վանեցյանը վկայի կարգավիճակ է ունեցել:
Այսինքն՝ բացառման սկզբունքով այս երկրում մնում է մեկ պաշտոնյա, որին կարող էր հնարավոր մեղադրանք առաջադրել: Այստեղ արդեն պարոն Փաշինյանը թող պատասխանի՝ հրավիրվե՞լ է ՀՔԾ, թե՞ չի հրավիրվել: Այդ մեկը պարոն Փաշինյանն է»,-հայտարարեց պաշտպանը։
Հիշեցնենք՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքում հրապարակված տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:
Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»:
Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել հայաստանյան հիմնադրամներից մեկին, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ: