Քիչ առաջ ՄԱԿ-ում գործող հատուկ բանաձևով ընդունված աշխատանքային խմբին ուղարկեցինք վարձկանների մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Խոսքը վերաբերում է ծայրաստիճան վտանգավոր տվյալներին այն մասին, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից, Լիբիայից Ադրբեջան է տեղափոխել 3000-4000 զինվորական վարձկանների՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ու Հայաստանի դեմ զինված հարձակումներում օգտագործելու նպատակով: Այս տվյալներն ավելի ու ավելի են հաստատվում: Երեկ ևս մեկ հաղորդում էլ ուղարկել ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ու միջազգային մյուս կառույցներին:
Սա կբերի հումանիտար աղետի Հայաստանից ու Արցախից բացի, նաև ողջ տարածաշրջանի համար՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ նաև դաժանություններով ու ավերածություններով, ռազմական ու մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններով:
Անհրաժեշտ են միջազգային կառույցների կոնկրետ արդյունք տվող, պատերազմը կանխող գնահատականներ ու քայլեր՝ իրենց կարգավիճակների առավելագույն հնարավորություններով: Սպանվում են մարդիկ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, ոչնչացվում են բնակավայրեր:
Միջազգային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների ոլորտի կառույցները պարտավոր են անել այն, ինչի համար ստեղծված են: Այս օրերին է ամրապնդվում այդ կառույցների հեղինակություն ու երաշխավորվում մարդու իրավունքները:
Պասիվությունը կամ իրական քայլերի բացակայությունը միայն նպաստում է պատերազմի շարունակությանը և խաթարում այն նպատակները, որոնց համար ստեղծված են այդ կառույցները»: