Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ Եվրոպական դատարանի «պատմական» վճիռն այլևս վերջնական է և անբեկանելի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած և ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձ կատարած հանցագործի ազատ արձակման ու հերոսացման համար»,- գրել է Սահակյանը և հավելել, որ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունն առաջին անգամ իր փաստագրումն է ստացել միջազգային դատական ակտով։ Վճռով պահանջվում է, որ Ադրբեջանը պատժի սեփական մարդասպանին և դադարեցնի հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը:
«Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ հոկտեմբերի 12-ի ԵԴ-ի վճիռն արդեն վերջնական է, չի կարող բեկանվել կամ որևէ կերպ կասկածի տակ դրվել: Այն պարտադիր է բոլորի, այդ թվում՝ արտաքին քաղաքական դերակատարների համար։ Նման բովանդակությամբ միջազգային դատական ակտի առկայությունն ադրբեջանական ոտնձգություններից հայերի պաշտպանությունն ապահովող իրավական լուրջ երաշխիք է, որն ըստ էության բացառում է նաև Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում»,- ընդգծել է իրավապաշտպանը: