ԱԱԾ-ը ունի պետական դավաճանության, լրտեսության, զինծառայողների շրջանում կեղծ ու ստահոդ տեղեկություն տարածելու, ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերի գործունեության, տեղեկատվական անվտանգության և կիբերհանցագործության, համացանցում կեղծ լուրեր տարածելու բացահայտման դեպքեր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։
Նա նշեց, որ ԱԱԾ-ում սեպտեմբերի 27-ից մինչ այսօր գործում է թեժ գիծ․ ստացվել է 1551 ահազանգ։ Դրանք վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին։ Իսկ ֆեյսբուքյան պաշտոնական էջին է հասցեագրվել շուրջ 2300 նամակ-հաղորդագրություն՝ տարբեր օգտատերերի կողմից։ Բոլորը ԱԱԾ-ը հետազոտել է։
«Արտաքին հետախուզական միջոցառումների արդյունքում ԱԱԾ-ը ձայնագրել է միջազգային ահաբեկիչների խոսակցությունները, բացահայտել վարձկան-գրոհայինների մի շարք անձնական տվյալներ»,- ասաց Աբազյանը և հավելեց․
«Պետական դավաճանության և լրտեսության դեպքով․ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ՀՀ-ում տարբեր զորամասերից տեղեկություններ է հավաքագրել ու փոխանցել հակառակորդին։ Մեկ ուրիշ գործով՝ օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել զորահավաքների մասին որոշակի տեղեկություններ»։
Աբազյանի խոսքով՝ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի ճանապարհների որոշակի հատվածներում տեղադրվել են անցակետեր, որոնք անհրաժեշտ են օտարերկրյա լրտեսների, զենք-զինամթերքի ապօրինի ներթափանցումները կանխելու համար։
Ի դեպ՝ Աբազյանը նշեց, որ կիբերհանցագործության 692 000, իսկ համացանցում խուճապ, կեղծ տեղեկատվություն, լուսանկարներ ու այլևայլ հրապարակումների 245 դրվագ է բացահայտվել, որոնք ուղղվել են ՀՀ ոստիկանություն։ ԱԱԾ Սահմանապահ զորքերից կա 37 զոհ, 4 անհետ կորած, 243 վիրավոր։