ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը հայտարարել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի , պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի, Հրաչյա Հակոբյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ քրեական գործեր հարուցված չեն, որոնց մասին հիշատակել էր Միքայել Մինասյանն այսօրվա իր տեսաուղերձում։
«Տեղեկացնում ենք, որ նշված անձանց վերաբերյալ քրեական գործեր հարուցված չեն, և ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Բազմիցս նշել ենք, որ քրեական գործերի հարուցումը և քրեադատավարական գործընթացները իրավական են՝ օրենքով հստակ նշված հիմքերով և ընթացակարգով, և որևէ կերպ պայմանավորված չեն կարող լինել որևէ մեկի ցանկությամբ կամ հորդորով»,-նշել է Խաչատրյանը:
Նախարար Սուրեն Պապիկյանն էլ Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Այս մասին հայտնել է Պապիկյանի խոսնակը։
Միքայել Մինասյանն այսօր նշել էր, թե, իբր, նախարարի վրա քրեական գործ է հարուցված՝ ինչ-որ անհայտ գործարքից 450 մլն դրամ փող վերցնելու կապակցությամբ: