ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը։
Նա մանրամասնեց, որ Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:
Հիշեցնենք` Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր անցած տարվա հունվարի 17-ին՝ Երևանի Պարույր Սևակի փողոցի իր բնակարանում։
Հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Հիշեցնենք նաև, որ 2016 թվականին Կուտոյանը նշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին։ Պաշտոնից ազատվել էր 2018-ին՝ հեղափոխությունից հետո: