Այսօր, երբ հանրությանը հուզում են առանցքային բնույթ ունեցող հարցեր՝ պետական դավաճանության հանցակազմից, մինչև ռազմագերիների օր առաջ լուծման ենթակա հարցը, մեր Դատախազությունը հայտարարություն է տարածում «Այբ» կրթական հիմնադրամի մասին։ Այս մասին գրառում է արել փաստաբան Արամ Վարդևանյանը։
««Այբ» կրթական հիմնադրամը և Հիմնադրամի աջակիցները արդեն բոլորին հայտնի Համահայկական հիմնադրամին պատերազմական պայմաններում փոխանցել էր 125 000 ԱՄՆ դոլար, այսինքն՝ շուրջ 65 միլիոն դրամ։
Համահայկական հիմնադրամի մասով, իհարկե, քրեական գործ չի հարուցվել՝ չնայած դրա ակնհայտ առիթների առկայությանը։ Իսկ ինչ վերաբերում է հենց այս «քրեական գործի» հարուցմանը, բոլորին պարզ է, որ 3 տարվա ԿԳՄՍ հայտնի նախարարի ջանքերի, խելակորույս խնդրանքների արդյունքն է։ Բայց հիշում եք, չէ՞, հարյուրավոր միլիոներից էր խոսում «հայտնի նախարարը»,- գրել է նա։
Քրեադատավարական և քրեաիրավական ոչ մի հեռանկար չունեցող քրեական գործ է, որն ինչպես հարուցվել է, այդպես դադարեցվելու է»,- գրել է Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության, ապա ՀՀ ոստիկանության ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից շուրջ 8,3 մլն ՀՀ դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: