Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ ՀՔԾ-ն որոշել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Խոսքը վերաբերում է պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի կողմից ենթադրյալ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։
«Armenia Today»-ը կապ հաստատեց ՀՔԾ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում հաստատեց տարածված տեղեկությունը, մանրամասնելով, որ գործը հարուցված էր ԱԱԾ-ում՝ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Ի դեպ, Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություններ տալու որևէ գործի մասով նյութերի նախապատրաստման շրջանակներում:
«Խոսքը վերաբերում է իմ կողմից արված ինչ-որ հրապարակումների: Զանգահարող աշխատակիցը հրաժարվեց իհարկե ներկայացնել, թե կոնկրետ որ հրապարակման մասին է խոսքը: Պահանջել եմ գրավոր ծանուցում»,- այսպիսի գրառում է արել Հակոբյանը՝ Facebook-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Վանեցյանն անցնում է նաև այլ քրեական գործով։ ԱԱԾ-ն 2020 թվականի նոյեմբերի 15-ին Արթուր Վանեցյանին, ինչպես նաև ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանին և Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացում), 35-305-րդ հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով Սպանության նախապատրաստում) և 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերք պահելը): Ըստ տարածված հաղորդագրության՝ վերջիններս մեղադրվում էին Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար։