Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ (դատավորներ Ս.Համբարձումյան, Ն.Հովակիմյան, Ա.Մնացականյան) օրինական ուժի մեջ մնաց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված որոշումը։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Դ. Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Դատավորին արդար, օրինական, բայց ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար ապօրինի հետապնդողներն ու նման հրահանգ տվողները պատասխան կտան մի փոքր անց»,-գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը
դադարեցվել էր դեռ նախորդ տարվա հունիսին: Մասնավորապես, 2020 թ. հունիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել կարճել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը:
Հավելենք, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Դավիթ Գրիգորյանը մեղադրվում էր պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ Գոռ Վարդանյանը՝ պաշտոնեական կեղծիքը կատարելուն օժանդակելու համար: