Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ մեղադրվող հինգ անձանցից 4-ն ազատ են արձակվել: Armenia Today-ի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Միքայել Շխիմյանը: Խոսքը «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանիի, ռեժիսոր Արշակ Զաքարյանի, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի և ՊՆ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանի մասին է: Նշենք, որ ձերբակալվածների թվում էր նաև հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը:
Փաստաբանը մեզ հետ զրույցում հավելեց. «Իսրայել Հակոբկոխյանի վերաբերյալ որոշումը դատարանի կհրապարկի այսօր՝ ժամը 16:00-ին: Նիստն ավարտվել է, դատարանը խոհրդակցական սենյակում է և պետք է հրապարակի որոշումը»:
Հիշեցնենք, որ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին հունվարի 29-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ։