Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:
Վարչապետին զեկուցվել է Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքների, այդ թվում՝ ընդունելության արդյունքների և մասնակիցների ընտրության մասին: Մանրամասներ են ներկայացվել կրթական դասընթացի վերաբերյալ, որը, պատերազմով պայմանավորված, մի փոքր հետաձգումով, մեկնարկել է 2021թ. հունվարի 18-ից և տևելու է 5 ամիս:
Ընտրված դասախոսական կազմն անցել է վերապատրաստում: Ներկայում Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման ծրագիրն ընթացքի մեջ է, որի շրջանակում իրականացվում են տակտիկական կուրսի, կրակային պատրաստականության, առաջնորդության և այլ դասեր: Վերապատրաստման դասընթաց է անցկացվելու նաև ՊԾ ղեկավար կազմի համար:
Զեկուցվել է Ծառայության արտաքին տեսքի ապահովման՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր համազգեստի, նոր տեխնիկական և հատուկ միջոցներով հագեցվածության, նոր ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ շենքային պայմաններով ապահովման աշխատանքների, օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ընթացքի մասին:
Վարչապետը կարևորել է գործընթացի արագ, որակյալ իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին հետևողական աշխատել այդ ուղղությամբ:
Խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձել Ներքին գործերի նախարարության կառուցվածքի նախնական մոդելը: