Կառավարությունը հաստատեց ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումը, որը պայմանավորված է ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ պարեկային նշանակության ավտոտրանսպորտային միջոցների և այլ գույքի ձեռք բերման նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսելու հանգամանքով։
Նախագծով 2021թ․ պետական բյուջեի «Այլ վարձատրություններ» հոդվածից առաջարկվում է նվազեցնել 32,4 մլն, դրամ, որը առաջարկվում է ուղղել նոր ստեղծվող պարկային ոստիկանության և օպերատիվ կառավարման կենտրոնի շենքերի շինությունների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը և պարտադիր փորձաքննությանը:
Իսկ «Կառավարչական ծառայություններ» հոդվածի հատկացումները առաջարկվում է ավելացնել 1,55 մլն. դրամով, որը նախատեսվում է նշված շենքերի ու շինությունների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննությանը։
Ինչպես ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն ծրագրային միջոցառումների համաձայն Երևան քաղաքում նոր ստեղծվող պարեկային ծառայության համար նախատեսվում է ձեռք բերել պարեկային նշանակության 150 ավտոտրանսպորտային միջոց։
2020 թվականի դեկտերմբերին մատակարարվել է 127.5 մլն․ դրամ ընդհանուր գումարով 10 ավտոտրանսպորտային միջոց, իսկ 140 միավորի մատակարարման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի մարտի 31-ը։
Նախագծով նախատեսվում է ոստիկանությանը լրացուցիչ հատկացնել նշված 140 ավտոտրանսպորտային միջոցի գնման՝ 1,8 մլրդ․ դրամ գումարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ պարեկային ոստիկանության ստեղծումը կսկսվի Երևանից, ապա կշարունակվի Շիրակի ու Լոռու, ապա արդեն մյուս բոլոր մարզերում:
«Նոր շունչ ու ազդակ կհաղորդվի ոստիկանության բարեփոխումների գործընթացին: Լինելու են նոր ավտոմեքենաներ, նոր դիզայն, լինելու է նոր բովանդակությամբ նոր ծառայություն: Սահմանվելու է ավելի բարձր աշխատավարձ: Հետևաբար ծառայության մեջ կներգրավվեն ոչ միայն ոստիկաններ, այլ նաև քաղաքացիական անձինք գործընթացի մեջ ներգրավվելու քայլ կկատարեն: Հուսով եմ՝ նոր ծառայության ներդրմամբ օրենքի ու օրինականության նկատմամբ նոր մշակույթ կձևավորի մայրաքաղաքում»,- ասաց վարչապետը: