ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը և նշել, որ ստանում է իր կյանքին ու առողջությանը, ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ իր համար անհայտ հեռախոսահամարներից: Այս մասին հայտնել է ՄԻՊ-ը։
«Ըստ նրա՝ սոցիալական ցանցերով տարածվել են իր հեռախոսահամարն ու տան հասցեն:
Հաշվի առնելով, որ դիմում-ահազանգը վերաբերում է նախևառաջ պատգամավորի կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքներին՝ դրա հիման վրա նախաձեռնվել է գրավոր ընթացակարգ և Արման Բաբաջանյանի ահազանգի հանգամանքները պաշտոնական գրությամբ ուղարկել են ՀՀ Ոստիկանություն:
Ինչպես պահանջում է օրենքը, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո կլինեն Ոստիկանության գործողությունները՝ կապված Արման Բաբաջանյանի կյանքի, առողջության ու անվտանգության ապահովման հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ պատգամավորի տանը հերթապահում է ոստիկանական մեքենա, քանի որ Բաբաջանյանը վախենում է իր անվտանգության համար՝ կապված քաղաքական հայացքների հետ։