Աննա Դանիբեկյանի ղեկավարությամբ շարունակվում է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դատական նիստը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին ներկա չէ։ Նա կոնտակտ է ունեցել հաստատված կորոնավիրուսային վարակակիրների հետ և ունի համապատասխան սիմպտոմներ։ Թեստ է հանձնել, պատասխանն ակնկալվում է ստանալ այսօր։
Փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դատական հաջորդ նիստը չնշանակել եկող երեքշաբթի, իսկ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ այդ դեպքում նիստը տեղի կունենա ոչ վաղ, քան մայիսի 4-ին, քանի որ ապրիլի 27-ին ինքն ամենամյա արձակուրդում է լինելու։
Դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչև մայիսի 4-ը՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ Քոչարյանն ու Գևորգյանը մեղադրվում են ո՛չ միայն սահմանադրական կարգը տապալելու համար։ Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախկին փոխվարչապետին՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափով կաշառք վերցնելու), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացում):
Նախկին նախագահը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ, իբր «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու համար, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք: Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին եւ մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ:
Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաեւ կաշառք վերցնելու եւ փողերի լվացման համար: