Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի ուշ երեկոյան Մարտիրոսյանը իր վարած «Մերսեդես CLՏ 550» մակնիշի ավտոմեքենայով «Երևան մոլի» դիմաց վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մի տղամարդու:
Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չէր դիմել, զանգահարել էր շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել էր։