Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, հրավիրել են Քննչական կոմիտե։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Հարուցված քրեական գործը նոր չէ։ Համայնքապետին հրավիրել են դեռևս նախորդ տարի հարուցված քրեական գործի շրջանակներում, որով Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդու առևանգում)։
Ըստ ՔԿ-ի` հավաքված բազմության ներկայությամբ հորը հարվածելու համար Քաջարան համայնքի ղեկավարը 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել է ավտոմեքենան, առևանգել նրան ու տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ հրացանով կրակել է ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան։